Լրահոս

08.02.2012 11:40


«Միսսիս տատիկ աշխարհ» Լուիզա Աղաջանյանը ժյուրիին գերել է հայկական տարազով, տոլմայով ու սպասով

«Միսսիս տատիկ աշխարհ» Լուիզա Աղաջանյանը ժյուրիին գերել է հայկական տարազով, տոլմայով ու սպասով

Այսօր լրագրողների հետ է հանդիպել Բուլղարիայի Սոֆիա քաղաքում տեղի ունեցած աշխարհի  գեղեցկության մրցույթում առաջին կարգի մրցանակ ստացած «Միսսիս տատիկ աշխարհ» Լուիզա Աղաջանյանը (Ծատուրյանը)։ Ասուլիսին ներկա է եղել նաև Համաշխարհային գեղեցկության և նորաձևության լիգայի նախագահ, «Միսս և միստր աշխարհ» միջազգային կազմկոմիտեի նախագահ Աշոտ Խաչատրյանը։

Խաչատրյանը նշել է, որ մրցույթը ունեցել է երկու տարիքային խումբ՝ 36-55 և 55 ու ավելի։ Լուզիա Աղաջանյանը 52 տարեկան է, բայց չնայած այդ տարիքին՝ իր խմբում լավագույնն է ճանաչվել։

Մրցույթը բաղկացած է եղել երեք փուլից՝ 1. Տարազ, 2. Տաղանդ (մեր ներկայացուցիչը դրսևորել է իր խոհարարական հմտությունները և տոլմայով ու սպասով գրավել ժյուրիին), 3. Երեկոյան զգեստ (մոդելավորումը, հագուստի հեղինակը հենց ինքն է՝ Լուիզա Աղաջանյանը)։ Լողազգեստի ցուցադրման փուլ չի եղել։ Մրցույթին մասնակցելու հիմնական պայմաններից մեկը տատիկ լինելն էր։

 Գեղեցկուհի տատիկը անկեղծացել է ու նշել, որ սկզբում մի փոքր դժվարացել է միանգամից համաձայնել, ու տարակուսանքի մեջ է եղել.

–Ես մի քիչ հապաղեցի, ինձ համոզեցին, և ես մեծ սիրով մասնակցեցի։ Շատ գոհ եմ, ուրախ եմ, որ հայ տատիկի հավաքական կերպարը ես ներկայացրեցի ողջ աշխարհին։

Աղաջանյանն ունի 3 զավակ, երկու թոռ։ Նա նշել է, որ աղջիկները ողջունել են մրցույթին մասնակցելու իր որոշումը, ինչը չի կարելի ասել որդու վերաբերյալ.

– Իհարկե, խորհրդակցեցի զավակներիս հետ։ Տղաս մի քիչ դեմ էր, բայց աղջիկներս աջակցեցին ու ոգևորեցին։

Հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված իր մասնակցությունը այդ մրցույթին, ինչը համոզեց մասնակցել, Աղաջանյանը պատասխանել է.

–Կարծում եմ՝ 50-ից հետո մայրը, տատիկը գնում է դեպի մայրամուտ։ Այս միջոցառումը ինձ հոգեպես սնուցեց։ Ցանկանում եմ, որ բոլոր տատիկները ոգևորվեն, չբավարարվեն միայն ընտանեկան, խոհանոցային գործերով ու կյանքում երբեք չընկճվեն։ Բոլոր մայրիկներին ցանկանում եմ, որ մեր ազգի համար շատ երեխաներ ունենան։

Գեղեցկուհի տատիկը բոլոր մայրերին ու տատիկներին առողջություն, գեղեցկություն ու երջանկություն է մաղթել։

Լուիզա Աղաջանյանը մասնագիտությամբ մանկավարժ է։ Ծագումով Թբիլիսիից է։ Այժմ ապրում է Ալավերդիում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը